Ադրբեջանի նախագահ Ալիեւը շտապում է, քանի որ հասկանում է, որ ժամանակն իր դեմ է աշխատում, քանի որ Նիկոլ Փաշինյանի (ՀՀ վարչապետ - խմբ.) վարկանիշն ընկել է պատմական ցածր մակարդակի, եւ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա այդքան ցածր վարկանիշ չուներ։ Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա հավելեց, որ այս մասին գիտեն նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում, Արեւմուտքում, այլ հարց է, որ ընդդիմության մեջ չկա ավելի բարձր վարկանիշ ունեցող ուժ։ Նրա կարծիքով քաղաքական գործչի ցածր վարկանիշն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «որքան հնարավոր է շուտ հանձնել Լեռնային Ղարաբաղը»։
Կառավարության ներկայիս ղեկավարի միակ հենարանը Շարմազանովն անվանեց ուժայիններին ու իր քաղաքական թիմին։ «Դա երեւում էր նաեւ Դիմադրության շարժման գործողությունների ժամանակ։ Ուրիշ բան, որ ընդդիմությունը, այդ թվում՝ եւ մենք, մարտավարական սխալ թույլ տվեցինք։ Եթե Նիկոլն իսկապես հրաժարական տա, ապա 1 տոկոս ձայն էլ չի հավաքի։
Նրան աջակցում են միայն Էրդողանն ու Ալիեւը, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանությունից ղարաբաղյան կլանի հեռացման գործում։ Միաժամանակ, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն հերքել այս պնդումը։ Նախկինի ստվերի հետ պայքարում են միայն Նիկոլն ու Ալիեւը։ Ոչ թե Նիկոլը հաղթեց նախկիններին, այլ աշխարհաքաղաքական ուժերը»,- ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը։
Այս պայմաններում ընդդիմությանը, ըստ նրա, մնում է համախմբվել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին փրկելու գաղափարի շուրջ։ Նա դժգոհություն հայտնեց այն մարդկանցից, ովքեր քննադատում են եւ Նիկոլ Փաշինյանին, եւ «նախկիններին»։ «Չի կարելի հավասարեցնել եւ Շուշին ազատագրողներին եւ Լեռնային Ղարաբաղը հանձնողին։ Դա արդար չէ։ Միգուցե դուք ցանկանում եք ձեր ճանապարհը հարթել կամ հանձնարարություններ եք կատարում, բայց այդպես չի լինում: Հայաստանի ընդդիմությունը բազմազան է։ Նիկոլի հետ հանդիպողներն էլ են իրենց ընդդիմություն անվանում, չնայած իրականում ընդդիմության ընդդիմությունն են»,- ասաց Շարմազանովը։
Նա արձանագրեց, որ ազգային ընդդիմությունը չի հաջողել իր նպատակներում՝ միաժամանակ կոչ անելով չհիասթափվել եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի հայությանը անկախության համար պայքարում։
«Հայ ժողովրդին մեկ փամփուշտ է մնացել մեկ քաղաքական կրակոցի համար»,- եզրափակեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։





























