Ո՛չ, ինձ հարցաքննության չեն կանչել և իմ բարձրացրած հարցերը մնում են ուժի մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Cօvid-19-ի ժամանակահատվածում փողերի լվացման գործով իրեն կանչել են հարցաքննության։

Դիտարկմանը՝ ինչու չեն կանչում, նա ասաց, պետք է կանչող կամ չկանչողներին հարցնել։

«Ես մեր բոլոր թիմակիցների հետ ունեմ լավ հարաբերություններ, որևէ բան չի եղել, որ մի բան էլ հարթվեր: ՔՊ-ում բոլորն էլ իմ ընկերներն են:

Ես այս թիմի մաս եմ, կանգնած եմ ակունքներում և շարունակելու եմ այդպես մնալ: Ինձ ոչ մեկ էլ չի կպել, ինձ անհիմն չեն կարող կպնել»,- ասաց Թորոսյանը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մեծ ողբերգություն չէ, որ Արսեն Թորոսյանը չի հավատում պետական ապարատին, Թորոսյանը ժպիտով պատասխանեց՝ «Դե, ասել-ասել է, ինչ է եղել, խնդիր չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արսեն Թորոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված «քովիդի գործին» և գրառում արել՝ նշելով՝ «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։

Նշենք, որ կորոնովիրուսի  համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն էլ ազատ են արձակվել։ Քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել։