Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանի դիրքերն ամրացվում են եւ էական փոփոխություններ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
«Սադրանքների առումով կարող եմ ասել, որ հակառակորդից ամեն ինչ սպասելի է: Մեզ հայտնի դեպքից հետո էական որեւիցե փոփոխություն չի եղել: Որոշակի պարբերականությամբ երկու կողմերն էլ իրենց աշխատանքները կատարում են: Գյուղի բնականոն կյանքը շարունակվում է: Մանկապարտեզն ու դպրոցն աշխատում են: Մարդիկ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են անում»,- ասաց Դավիթ Դանիելյանը:
Հարցին՝ արդյո՞ք դիրքերի ամրացում արվում է, պատգամավորը պատասխանեց.
«Աչքիս տեսածը կասեմ, որ ամրացվում են դիրքերը, էական փոփոխություններ կան: Եվ դա է պատճառը, որ իբրեւ թե բանակցելու պատրվակով ադրբեջանցիները եկան ու սադրանք իրականացրին: Եվ 44-օրյա պատերազմին, եւ սեպտեմբերյան դեպքերին, եւ վերջին միջադեպին եղել եմ առաջնագծում, եւ էական փոփոխություն կա, այդ փոփոխությամբ ես ոգեւորված էի»:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։











