Իմ հրաժարականի նախաձեռնությանը լուրջ չեմ վերաբերում, այդ քաղաքական ուժը վաղուց կորցրել է իր կշիռը։ Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ուրախ է, որ այս նախաձեռնությունը կոնկրետ քաղաքական ուժին ակտիվանալու առիթ կտա։ «Ուրախ եմ, որ առիթ տվեցի, որ նրանք նույնպես ակտիվանալու համար քաղաքական թեմա գտնեն, թեեւ կարելի էր հարթակ ստեղծել, ասենք, Լաչինի արգելափակված միջանցքի թեմայով, օգտագործել իրենց միջազգային փորձը»,- ասաց նա։
Խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ իշխանության քաղաքական թիմի ներսում իր հրաժարականի մասին մտքեր չեն առաջանում. «Իմ հրաժարականի թեման բարձրացնողներն ուզում են թուլացնել մեր իշխանությունը։ Մանրադիտակի տակ լինելն ինձ համար նորություն չէ, թեեւ դժվար է։ Ես հոգնում եմ իմ անուն, ազգանունը կարդալուց»,- դժգոհեց խորհրդարանի նախագահը։
Կարծիքը, թե իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը աչք է դրել խորհրդարանի նախագահի աթոռի վրա, նա անիմաստ ասեկոսե անվանեց։
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսը հանդես էր եկել Սիմոնյանի հրաժարականը նախաձեռնելու առաջարկությամբ, երբ, խորհրդարանի նախագահը, ինչպես նշվում է, թքել էր մի քաղաքացու վրա, որը վիճել էր նրա հետ։











