«Նեմեսիսի» հերոսների արձանի տեղադրման որոշումը Երևանի ավագանին ընդունել է այն ժամանակ, երբ գործող իշխանությունները 180 աստիճանով հակառակ քաղաքականություն էին վարում, պետական մակարդակով խոսում էին Թուրքիայի թշնամական, ցեղասպան քաղաքականության, արցախյան 44-օրյա պատերազմում ամբողջական ներգրավվածության մասին, ավելին՝ թուրքական ապրանքների էմբարգոն էր տարածվում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Կոռուպցիայի հարցերով դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Արվեց մի բան, որը հանրության ուշադրությունից դուրս մնաց: Չավուշօղլուն խոսում է «Նեմեսիսի» հուշարձանի մասին՝ Էրդողանի մամուլի խոսնակը նույն օրը բառացի ասել է մոտավորապես հետեւյալը. «Ի՞նչ է, կարծում եք անպատասխան պետք է մնա Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելը: Մեղադրելու հարցում մենք չէինք կարող լռել»: Այսինքը, միայն «Նեմեսիսի» հերոսների հուշարձանը չէ, այլ Հայոց ցեղասպանության քաղաքականացման, միջազգայնացման, նույնիսկ Հայաստանում հիշատակման դեմ էր թուրքական այդ ջղագրգռությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդը հուշարձանի ապամոնտաժում թույլ չի տա:











