Մեզ համար ցավալի է և անընդունելի, որ բանակի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը հանիրավի անազատության մեջ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման փաստին:
Նա ևս դատարանի մոտ էր ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին աջակցելու համար։
«Ես այստեղ եմ` որպես ՀՀ քաղաքացի, որպես Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ, հոգևորական, որը երկար տարիների ճանաչում է և իրականում նաև ծառայություն է ունեցել գեներալ–մայոր Գրիգոր Խաչատուրովի հետ տավուշյան ամբողջ սահմանագծում»,– նշեց Սրբազանը։
Թե ինչու են Խաչատուրովին կալանավորել, նա կոչ արեց այդ հարցն ուղղել իշխանություններին. «ես ոչ դատարան եմ, ոչ փաստաբան, բայց որքան կարողացել ենք հետեւել փաստաբանների ներկայացմանը, այն իրականում ոչ մի հիմք ու հենք չունեցող գործ է: Այդուհանդերձ, եթե նույնիսկ հիմ էլ ունենա, ինձ համար հարցերի հարցն է, թե ինչու է մարդը գտնվում կալանքի տակ: Կալանքը մեր երկրում ուղղակի պատժի միջոց դարձել և յուրաքանչյուր մեծ ու փոքր, արդարացված ու չարդարացված քայլի համար մարդկանց կալանավորում են»,-ասաց Գալստանյանը:
«Այսօր փոխարենն ավելի հզորացնելու մեր երկիրը թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական առումով, մեր անվտանգության խնդիրները լուծելու, մենք կանգնած ենք դատարանի առջև` անհանգիստ, վիրավորված, պատիվներս գողացված: Բոլոր կողմերից հարձակումների պայմաններում մենք զբաղված ենք այսպիսի անընդունելի իրավիճակով։ Թիրախավորված է եկեղեցին էլ, բանակն էլ»,– նշեց հոգևոր հայրը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխանությունները կանսան եկեղեցու պահանջին հրաժարական տալու, Սրբազանը նշեց` անսալու լինեին, մինչեւ հիմա կանսային. «Իրենց բոլոր առումներով ձախողումներից հետո ուղղակի բարոյականության խնդիր է շարունակել նույն տեղում մնալը: Մենք մշտապես գնահատել ենք, որ այս հորդորը կամ ցանկությունը կամ պահանջը, ինչպես կուզեք գնութագրեք, ոչ թե քաղաքական հարց է, այլ բարոյական ու բարոյագիտական: Ամենափոքր հաստատության ղեկավարը, երբ ձախողում է, անպայման մի կողմ է քաշվում, որպեսզի նրանք, որոնք կարող են այդ իրավիճակին լուծումներ տալ, իրենք ստանձնեն: Ցանկալի կլինի, որ այդ հորդորին անսան»,-ընդգծեց Գալստանյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտ ի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։











