Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին մեկ ամսով  կալանավորելու  դեմ բողոքող քաղաքացիները չնայած նրան, որ չեն հասել կառավարության շենքի մոտ, այնտեղ արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:

Կառավարության շենքը այս պահին հսկում են հարյուրավոր ոստիկաններ, որոնք մի քանի շարքով պատ են կազմել շենքի դիմաց:

Նշենք, որ այսօր դատարանը մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին, նրան սատարող քաղաքացիները հայտարարեցին, որ շարժվելու են դեպի կառավարություն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։