Այս իշխանությունը տանիք չէ, ինքն ավելի շատ խնդիր է, քան տանիք մեր նման մարդկանց համար, որոնք ունեն հնարավորություններ ու կառույցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը այս իշխանությունների տանիքի տակ է հայտնվել՝ իր սեփականությունը պահպանելու համար:

«Իսկ իմ միանալը այս քաղաքական թիմին ինչ էր, ես էլ էի տանի՞ք ինչ-որ կուսակցության համար: Դա համագործակցություն է, այդ ինչպես է լինում, որ մի դեպքում համագործակցություն է, մյուս դեպքում՝ տանիք:

Ես իմ գինն էլ լավ գիտեմ, եւ քաղաքական համակարգին էլ: Իհարկե, քաղաքական համակարգին միանալով դու դառնում ես խոցելի, դա երկընտանք է՝ քաղաքական համակարգում լինես ու դառնաս խոցելի՞, թե՞ քաղաքական համակարգում չլինես, բայց միգուցե քո կարիքը կա՞:

Ես այլ պատկերացում ունեմ, թե բիզնեսի նկատմամբ հայացքն ինչպիսին պետք է լինի, դրա համար ԱԺ-ում իմ մոտեցումները միտված են նրան, որ մենք ավելի ազատականացնենք, ավելի մեծ ուշադրություն դարձնենք եւ բիզնեսի կարեւորությունն ավելի մեծ դարձնենք»,-ասաց նա:

Հարցին, թե բա ինչու էին ժամանակին այսօրվա իշխանությունները ՀՀԿ-ի թիմում գտնվող գործարարներին, օրինակ, Սամվել Ալեքսանյանին, քննադատում, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Իրենք չեն քննադատել այդ ընկերներին: Այսօր այդ ընկերները ավելի մեծ իրավունքներով գործում են որպես տնտեսական միավոր: Ժամանակին դրված կարգուկանոնն է եղել քննադատել, ոչ թե անձերը: Ժամանակի իշխանության հարաբերություններն են եղել քննադատելի այդ անձանց հետ: Հիմա գնացեք այդ մարդկանց հարցրեք, թե նախկինում իրենց հետ ոնց էին հարաբերվում, եւ հիմա ոնց են հարաբերվում:

Անգամ ամենաընդդիմադիրները, որոնք 1-2 տարի առաջ ընդդիմության հետ ինչ-որ գործողությունների մասնակցեցին, նրանց էլ հարցրեք, ասեք՝ պետական մարմինները ձեզ հետ ոնց են վարվում»: