ԲԴԽ անդամի ընտրության քվեաթերթիկում ներառելու միայն մարզերի դատավորներին ծանուցելու մասին հանգամանքը մտահոգում է, որովհետեւ ամեն դեպքում առնվազն գոնե Երեւան քաղաքի դատավորները պետք է ծանուցվեին դրա մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ Վերաքննիչ դատարանի դատավորների հետ ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Մխիթար Պապոյան-Կարեն Անդրեասյան լարվածությանը՝ Ռշտունին ասաց, որ ինքը չի մասնակցել այդ հանդիպմանը. «Ես շատ ուրախ եմ, որ մեր դատարանի նախագահը պարոն Պապոյանն է, բայց կարծում եմ՝ ում էլ ընտրեն մեր դատարանի նախագահ, իմ գործունեության մեջ ոչինչ չի փոխվելու: Ցանկացած կոնֆլիկտ դատական իշխանության ներսում ինձ անհանգստացնում է, բայց երեւի թե այդ հարցերին պարոն Պապոյանն այդ հարցերին ավելի լավ կարող է պատասխանել, քան՝ ես»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ընդդիմացող դատավորների լիազորությունները դադարացվում են, եւ հարցին՝ արդյո՞ք ինքը չի վախենում, որ իր լիազորությունները նույնպես կարող են դադարեցվել, Ռշտունին ասաց.
«Պետք է մտավոր հետամնաց լինես, որ այդ մտավախությունը չունենաս։ Փորձում են ցույց տալ, որ ԲԴԽ-ի մասին քննադատություն անել չի կարելի, բայց եթե գովալ կարելի է, քննադատել ինչո՞ւ չի կարելի։ ԲԴԽ-ն կոչված է մեր իրավունքներն ապահովելու, ինչպես մյուս դատարանները քաղաքացիների։ ԲԴԽ-ն սրբավայր չէ, այնտեղ աշխատողներն էլ սրբեր չեն, գուցե կան սուրբ մարդիկ, բայց մենք իրենց ընկալում ենք որպես ԲԴԽ անդամներ։ Իսկ ո՞վ է գնահատական տալու ԲԴԽ-ի գործությանը։ Եթե մենք ընտրում ենք անդամների, ում են իրենք հաշվետու։ Ինչպես ԱԺ-ն հաշվետու է ժողովրդին, այնպես էլ ԲԴԽ-ն հաշվետու է դատավորներին։ Եթե մենք ունենք դժգոհություններ, թերացումներ, ո՞ւմ հայտնենք դրանք»:
Նրա խոսքով՝ մեկ օրում 4 դատավորի լիազորություն է դադարեցվում, ինչը աննախադեպ է. «Նման մոտեցում չկա որեւէ այլ պետական մարմնում լինի, օրինակ՝ Հարկայինում 4 տեսուչ նույն օրն ազատվեն աշխատանքից: Այն դեպքում, որ դատավորները ի տարբերություն մյուսների պետք է լինեն ավելի պաշտպանված, նրանց իրավունքները լինեն ավելի երաշխավորված: Ունենք ԲԴԽ անդամներ, որ ինչի համար որ դադարեցվեց այլ դատավորների լիազորություններ, կարծես՝ նրանք էլ ունեն այդ խնդիրը, մասնավորապես, ՄԻԵԴ-ի որոշումների հետ կապված, դատական ակտերը ուշ տրամադրելու հետ կապված»:











