Այսօր գիշեր Մոսկվային մոտենալ փորձելիս ՀՕՊ ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Անօդաչուի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի գոտում, շենքը զգալի վնասներ չի կրել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները»,- նշել է նա։
Ինքնաթիռենրի թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են այսօր առավոտյան բոլոր չորս մոսկովյան օդանավակայաններում՝ Վնուկովոյում, Դոմոդեդովոյում, Շերեմետեւոյում եւ Ժուկովսկիում, տեղեկացրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով «Ռոսավիացիային»։
«Այսօր առավոտյան թռիչքների անվտանգության ապահովման նպատակով քաղաքացիական օդանավերի թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Մոսկվայի օդանավակայաններում։ Մոսկվայի ժամանակով ժամը 04.30-ին սահմանափակումները հանվել են»,- տեղեկացրել են «Ռոսավիացիայում»։
Չվերթները վերուղղորդվել են պահեստային օդանավակայաններ։ Սահմանափակումների չեղարկումից հետո ուղեւորներին հասցրել են նշանակված օդանավակայաններ։





























