Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մտադիր է հանդիպել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու հացահատիկի գործարքը, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն՝ հղում կատարելով Yeni Safak թուրքական կառավարական թերթին։
Ներկա պահին Թուրքիայում քննարկվում են սեւծովյան նախաձեռնության զարգացման երեք սցենարներ։ Դրանցից առաջինը ենթադրում է, որ չի հաջողվի ելք գտնել իրավիճակից, ինչն իր հերթին կհանգեցնի «պարենային ճգնաժամի սրման»։
Երկրորդ սցենարը ենթադրում է «միակողմանի գործողություններ եւ այլընտրանքային երթուղիներ՝ երկու երկրների համաձայնագրերի հիման վրա»։ Դրանում հաշվի են առնվում ուկրաինական ցորենի մատակարարումները Դունայով կամ ցամաքային ճանապարհով, Եվրամիության երկրների միջոցով։
Երրորդ սցենարով հացահատիկի գործարքը կարող է վերականգնվել նախկին ձեւաչափով, իսկ Ռուսաստանի բոլոր պահանջները կկատարվեն։ Պարբերականը նշել է, որ հենց այս սցենարը թույլ կտա կանխել գլոբալ ճգնաժամը։
Ռուս գործընկերոջ հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունքների հիման վրա Հաքանը մտադիր է հանդիպել նաեւ ուկրաինական կողմի հետ, իսկ արդեն դրանից հետո կարող է տեղի ունենալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։





























