Ռուսական ավիաընկերությունների երեք ինքնաթիռներ՝ «Ռոսիա», «Ուրալյան ավիաուղիներ» եւ «Նորդվինդ», ամպրոպի պատճառով հատել են Ֆինլանդիայի եւ Էստոնիայի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
«Օգոստոսի 17-ին ռուսական ավիաընկերությունների երեք օդանավեր, չեզոք ջրերի վրայով թռիչքներ կատարելով դեպի Կալինինգրադ, եղանակային բարդ պայմանների եւ ամպրոպի պատճառով ստիպված են եղել հատել Ֆինլանդիայի եւ Էստոնիայի օդային սահմանները»,-ասվում է հայտաարության մեջ։
Ռոսավիացիան հաստատում է, որ առաջնորդվելով թռիչքների անվտանգության ապահովման հարցում փոխօգնության սկզբունքներով՝ ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ապահովել օտարերկրյա պետությունների օդանավերի անվտանգ օդային երթեւեկությունը ՌԴ օդային տարածքում։




























