Բասմանի դատարանը կալանավորել է «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործը հարուցվել է Ռուսաստանում անցանկալի ՀԿ-ների աշխատանքի կազմակերպման հոդվածով (ՌԴ ՔՕ 284.1 հոդվածի 3-րդ մաս) ընտրությունների դիտարկման Եվրոպական հանձնաժողովի հետ «Գոլոսի» փոխգործակցության փաստով: Նախօրեին Մելքոնյանցին մեղադրանք էր առաջադրվել, հետաքննությունը խնդրել էր նրան ձերբակալել։

Ինչպես դատարանում հայտարարել է քննիչը, «Մելքոնյանցը՝ գտնվելով ազատության մեջ, կարող է փորձել թաքնվել քննությունից եւ դատարանից, ինչպես նաեւ միջազգային կապեր ունի», ինչի կապակցությամբ պնդել է, որ կալանքն ընտրվի մինչեւ հոկտեմբերի 17-ը ներառյալ: Դատախազն աջակցել է նրան։

Մելքոնյանցը դատավորին խնդրել է մերժել քննիչի միջնորդությունը։ Նա նշել է, որ հետաքննության նյութերում բերված են տարբեր կլոր սեղանների ժամանակ իր ելույթների վերծանումները։ Նրա փաստաբան Միխայիլ Բիրյուկովը վկայակոչել է Կիրովի շրջանային դատարանի որոշումը եւ Բառնաուլի Կենտրոնական դատարանի որոշումը, որոնց համաձայն «Գոլոսը» չի մտնում ԷՆԵՄՈ (ընտրությունների դիտարկման եվրոպական ցանց) շարժման մեջ: