Ցանկացած գործոն, որը կնպաստի դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի վերադարձին ուկրաինական հակամարտության մեկնարկից առաջվա ցուցանիշներին (մոտ 480 դրամ), աղետալի հետեւանքների կհանգեցնի Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-Նովոստի Արմենիի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
«Եթե մեր արտահանումը Ռուսաստան, որը կազմում է մոտ 50%, ինչ-որ կերպ խափանվի, ապա դրամ/դոլար փոխարժեքը կվերադառնա նախկին մակարդակին։ Եթե այստեղ կռիվ լինի ու մարդիկ արտագաղթեն, ինչպես ռուսներն արեցին, նույնը տեղի կունենա։ Եթե լինի ֆինանսական ճգնաժամ, որը կազդի բոլորի վրա, նույնը կկրկնվի»,- ասաց նա:
Ադոնցը պարզաբանեց, որ այսօր Հայաստանի տնտեսության աճի վրա ազդում է երկու գործոն՝ առաջինը շինարարության խթանումն է՝ որպես եկամտահարկի վերադարձի մաս, երկրորդը՝ քաղաքացիների և արտարժույթի ներհոսքն է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին։
«Դա հանգեցրեց դոլարի նկատմամբ հայկական դրամի 40%-ով ամրապնդման՝ ուկրաինական հակամարտությունից առաջվա համեմատ։ ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ զգալիորեն աճում է, իսկ ՀՆԱ-ի և պետական պարտքի հարաբերակցությունը 60%-ից իջել է մոտ 40%-ի։
Սա հնարավորություն է տալիս պետությանը էլ ավելի շատ փող ներգրավել դրսից և ավելացնել պետական պարտքը, որն այժմ կազմում է մոտ 10,4 միլիարդ դոլար։
Պետությունը խոշոր շինարարական ծրագրեր է իրականացնում, շինարարության ոլորտը զարգանում է (մյուս ոլորտները, այդ թվում՝ արդյունաբերությունը, Հայաստանում չեն զարգանում) և պետական պարտքի չափը մեծանում է։
Բայց եթե այս իրավիճակում ինչ-որ ճգնաժամ լինի՝ կա՛մ ռազմական, կա՛մ տնտեսական, կա՛մ այլ, որը կնվազեցնի փողի արտաքին ներհոսքը և հայկական արժույթը կվերադառնա իր նախկին ցուցանիշին (1 դոլարի դիմաց 480 դրամ), ապա դա Հայաստանում կստեղծի դեֆոլտի իրավիճակ։
Տվյալ դեպքում կկրնվի նույն իրավիճակը, որը նկատվեց 2008 թվականի ճգնաժամի ժամանակ, երբ ՀՆԱ-ն 16 տոկոսով անկում ապրեց, և պետությունը ստիպված եղավ 3 միլիարդ դոլարի պարտք վերցնել՝ շինարարության ոլորտում ծրագրերն ավարտին հասցնելու և իրավիճակը կարգավորելու համար եւ կարգավորել դրությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Հիմա էլ ավելի վտանգավոր քաղաքականություն է վարվում։
Անցած տարի ՀՆԱ-ի 12,6% մակարդակի աճ ապահովել են բանկային հատվածը, զուգահեռ արտահանումը, շինարարությունը, զբոսաշրջությունը, սակայն այլ ոլորտներ, որոնք օժանդակություն կծառայեին նման իրավիճակում և թույլ կտային տնտեսության հետագա զարգացումը, չձևավորվեցին»,- ընդգծեց տնտեսագետը։
Այս առումով ամենակարեւորը, ըստ նրա, տնտեսության կառուցվածքային փոփոխություններն են։
«Միևնույն ժամանակ, ներկայիս փոխարժեքի պայմաններում հայ արտադրողներն ու արտահանողները հեռանկար չունեն, ուստի Հայաստանում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը չեն զարգանում»,- եզրափակեց նա։





























