«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Արշակունյաց պողոտայում գտնվող Բյուրեղ թաղամասից:
«Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից կառուցվող էլիտար բնակելի շենքերը մի շարք խոչընդոտներ են ստեղծում տեղի բնակիչների համար: Նրանք թաղամասում իրենց խնդիրները ներկայացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Դավիթ Խաժակյանին:
Բնակիչների խնդիրները լսելուց հետո Խաժակյանը լրագրողների հարցերին պատասխանեց:
Նա նշեց, որ կուսակցության անդամները լսելու են երեւանցիների մտահոգությունները եւ առաջարկելու են դրանց համակարգային լուծումները.
«Մենք որոշել ենք, որ քարոզարշավը որպես ժամակահատված օգտագործենք շարունակելու լսել մարդկանց խնդիրները, բարձրաձայնելու եւ ընտրությունների մեր քաղաքացիների աջակցությամբ լուծումներ տալու այս խնդիրներին»:
Անդրադառնալով մայրաքաղաքում վերջին տարիներին շինարարական ակտիվությանը՝ Խաժակյանն ասաց, որ Երեւանում գոնե վերջին 5 տարիների ընթացքում բազմահարկ շենքերը առանց շինթույլտվության չեն կառուցվում.
«Խնդիրը այլ տեղ է, որ քաղաքում շարունակվում է իրականացվել հախուռն շինարարություն՝ առանց հաշվի առնելու տեղի ենթակառուցվածքները եւ հնարավորությունները: Կոնկրետ այս պարագայում, երբ մենք նայում ենք առկա է դպրոց, սեփական տների թաղամաս է, մեջտեղում էլ բազմահարկ բնակելի համալիր, դա խնդիր է: Ես կողմ եմ թաղամասերի վերակառուցումներին, եթե տեղի բնակիչների խնդիրները եւս հաշվի են առնվում: Դա պետք է իրականացվի քաղաքային պլանավորման տրամաբանության մեջ շինթույլտվությունը տրամադրելիս»:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ Խաժակյանն ընդգծեց, որ այս ընտրությունները 2018-ից հետո եզակի են իրենց՝ անկախատեսելի լինելով: Նա շեշտեց, որ ինքը որեւէ կաշկանդվածություն որեւէ պաշտոնյանից՝ լինի քաղաքապետարանում կամ կառավարությունում.
«Քաղաքական ուժից կախվածությունը լինում է այն դեպքում, երբ կա մեկ կամ մի քանի անձ, որոնք ֆինանսավորում են տվյալ ուժին եւ այդ ուժը լինում է կախված այդ մարդկանցից: Մեր բյուջեն շատ համեստ է:
Եվ վատ կվերաբերվեմ յուրաքանչյուր թեկնածուի, ով այս ընտրությունները կփորձի վերածել գզվռտոցի, որպեսզի շեղի բուն բովանդակությունից»:




























