Նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարեց նաև «Արդար Հայաստան» կուսակցությունը։
«Արդար Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանն ասել է, որ երկրի իշխող ուժը ծրագրում է ռեկորդ սահմանել վարչական ռեսուրսների և «տեղական հեղինակությունների» ինստիտուտի ներգրավման հարցում։
«Անկախություն ձեռք բերելուց ի վեր մեր երկիրը մշտապես բախվել է մարտահրավերների, բայց մենք հնարավորություն ունենք փոխելու մեր պետության զարգացման ընթացքը։ Մեր սերունդը պետք է հաղթահարի ներքին ու արտաքին մարտահրավերները, մենք չենք կարող ապրել պարտված քաղաքացու խարանով։
Ժողովրդի համախմբման համար մեզ պետք են նոր գաղափարներ, ըստ որոնց պետության զարգացումը պետք է լինի հանուն ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի։ Երևանի ավագանու ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև ողջ երկրի զարգացման համար»,- ասել է նա։
Ըստ Նորիկյանի, չպետք է թույլ տալ, որ Հայաստանում արմատավորվի քաղաքական կամ կուսակցական մենիշխանությունը, որի աղետալի հետևանքները զգացվել են երկար տարիներ։
Նա քննադատել է Երևանում գործող կառավարման համակարգը՝ արտահայտվելով այս ոլորտում արմատական բարեփոխումների օգտին։
Նա հիշեցրել է, որ գործող իշխանությունների օրոք ոչ մի քաղաքապետ չի պաշտոնավարել օրենքով նախատեսված բոլոր հինգ տարիներին՝ դառնալով իշխանությունների քմահաճույքի զոհը։
«Վստահության պակաս կա իշխանությունների, ընդդիմության, պետության ապագայի նկատմամբ։ Մենք պետք է վերականգնենք այդ վստահությունը և գնանք արմատական փոփոխությունների ճանապարհով։
Հարգելի քաղաքացիներ, ոչինչ կանխորոշված չէ, ոչ ոք նախապես ընտրված չէ. Ձեզ խաբում են։
Երևանում հաղթել նշանակում է հաղթել Հայաստանում, պետք է կանգնեցնել պարտությունների շարանը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը կարող է հավասարակշռել քաղաքական դաշտը։ Իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում վարկաբեկվել է քաղաքական դաշտը, որն առաջին պլան է մղել քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա նաև քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու համար։
Նորիկյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին դրամահավաքի ընթացքում հավաքած զգալի գումարը հատկացնել սահմանների բարեկարգմանն ու փող չծախսել քարոզարշավի վրա, քանի որ եթե վստահ են, որ հաջող են աշխատել, ապա քաղաքացիները, առանց այդ էլ կգնահատեն։
«Մենք պետք է ձևավորենք իրական այլընտրանք։ Հեռացրեք փողի դերը քաղաքականության մեջ, և բոլոր հանցագործներն ու մարդասպաններն այլևս ակտուալ չեն լինի քաղաքական դաշտում։ Պետք է փոխվեն քաղաքական ուժի չափանիշները»,- ավելացրել է քաղաքապետի թեկնածուն։
Նա կարծում է, որ Հայաստանում իշխող կուսակցության և Երևանի նախկին քաղաքապետի (Հայկ Մարության- խմբ.) քաղաքական ուժի միջև ոչ մի տարբերություն չկա, քանի որ նույն անձինք են ուզում նորից իշխանության գալ։
«Մենք չենք սահմանափակվելու Երևանի ընտրություններով, մենք ավելի գլոբալ նպատակ ենք հետապնդում»,- եզրափակել է Նորիկյանը։





























