Երեւանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում, որ, ի դեպ, այս գումարման ավագանու վերջին նիստն է, լեզվակռիվ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գառնիկ Վարդանյանի եւ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջեւ:

Ստորեւ ներկայացնում ենք լեզվակռիվը առանց մեկնաբանության.

Գառնիկ Վարդանյան. Ես ուզում եմ բացառել, որ որեւէ պետական գերատեսչություն այսքան ժամանակ ստիպի իր աշխատակիցներին, որ որեւէ բանկից օգտվեն: Ես բացառում եմ դա:

Անի Խաչատրյան. Բայց դուք գիտե՞ք, որ ավագանու անդամը ավագանու անդամին չի պատասխանում, ձեւը չգիտե՞ք, չսովորեցի՞ք 5 տարի:

Գառնիկ Վարդանյան

Ես ավագանու անդամին չեմ պատասխանում, ես ինքս իմ նկատառումներն ունեմ: Ես չեմ պատասխանում որեւէ մեկի հարցին, հարց չի հնչել, տիկին Խաչատրյան: Մի խանգարեք իմ ելույթը, թողեք ավարտեմ, մի լարեք մթնոլորտը, թույլ տվեք խոսեմ:

Անի Խաչատրյան. Դու ո՞վ ես:

Գառնիկ Վարդանյան. Տիկին Խաչատրյան, բա դուք ո՞վ եք:

Անի Խաչատրյան. Դուք օրենսդիր եք, գործադիր չեք, դուք ոնց կարաք բացառեք:

Գառնիկ Վարդանյան. Տիկին Խաչատրյան, որ էս դահլիճից դուրս գաք, գալու եք ժպտաք, փաթաթվեք, բայց երբ հայտնվում եք նիստերի դահլիճում, տենց արտահայտություններ եք անում:

Անի Խաչատրյան. Կարող ա դուրս գանք միջանցք, հանկարծ շատ դժբախտ պատահար ձեզ հետ պատահի: Արի դուրս գանք:

Գառնիկ Վարդանյան. Դե փորձեք, հեսա դուրս կգանք

Անի Խաչատրյան. Դե արի: Երեւի դուրս գանք, թե՞ ես գամ ձեզ հանեմ ստեղից: Դե արի հլը, թե՞ էդքան տղա չես:

Գառնիկ Վարդանյան. Խնդրում եմ ձեր դիրքին հարիր պահեք ձեզ: Ես հունից դուրս չեմ գա, ափերից դուրս չեմ գա: Ես չեմ իջնի ձեր մակարդակին ու չեմ արձագանքի ձեզ:

Անի Խաչատրյան. Դու էդքան չկաս, որ հունից դուրս գաս: