Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին զրպարտության մեջ։
«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարությունները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ եւ պարունակում են ամբողջ աշխարհում Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի տարրեր»,-ԱՍԵԼ Է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ այդ գաղափարները հակասում են Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ եւ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածությանը, որն իբր ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջեւ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին կայացած շփումների ընթացքում, բայց նաեւ «պարունակում են ամբողջ աշխարհում Ադրբեջանի դեմ Հայաստանի զրպարտչական արշավի տարրեր»։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ «ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ տվյալ պայմանավորվածությունը, որը պետք է կատարվի ԱՄՆ միջնորդությամբ, խախտվել է Հայաստանի կողմից, իսկ շրջափակման եւ հումանիտար իրավիճակի մեղադրանքներն անհիմն են»։





























