Երևանի նորընտիր ավագանին գումարել է իր առաջին նիստը: Օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրություն, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման և ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանման հարցերն են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, եւ քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձեւավորել:

Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու նիստին, սակայն երեկ հայտարարեցին, որ դեռ որոշում չունեն այդ հարցի առնչությամբ, թերեւս, ցանկանալով մինչեւ վերջին պահը ձգել ինտրիգը:

Նիստին, բնականաբար, մասնակցում են նաեւ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը»: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ քաղաքապետի թեկնածուի հարցով որոշում չունեն, բայց հստակ է, որ կմասնակցեն նիստին։