Երեւանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի թեկնածու առաջադրվեց միայն ՔՊ-ից Տիգրան Ավինյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Երեւանի ավագանու ընտրությունների րդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, բայց ընտրությունները տվեցին նաեւ մի շրք սկզբունքային հարցերի պատասխաններ եւ արձանագրեցին կարեւոր իրողություններ: 

Ընտրությունների արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվեներ մի փոքր այլ կերպ բաշխվեին: Խոսուն է նաեւ այն, որ ոչ մի քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները: 

Պետք է արձանագրել, որ 2018-ի հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը: 

Ցանկացած փորձ այդ ձայները կիսելու ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից: Մեր խմբակցությունը երբեք նման քայլի գնալ չէր կարող:

Ընտրությունների արդյունքներով հեղափոխությանը տված վստահության քվեն պետք է արտահայտվի եւ դա կարեւոր է ոչ միայն ընտրողների ձայները հակահեղափոխության դիրքերից հանդես եկողների, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների նպատակներին չծառայեցնելու, այլեւ Երեւանում սկիզբ առած լայնածավալ կապիտալ  ներդրումների, բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու  համար:

Սա կարեւոր է նաեւ մեր պետականության շուրջ համախմբվելու, Երեւանն արտաքին աշխարհից թելադրվող անկայունության թատերաբեմ չդարձնելու տեսակետից»: