Վերջին շրջանում շատ խոսվեց ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ. կարծում եմ՝ մեր քաղաքացիները անցնող 5 տարիներին համոզվել են, որ մեր քաղաքական երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից եւ ընդունել է դրանց արդյունքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու անդրանիկ նիստում իր ելույթում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների ԼՂ-ից բռնի տեղահանվելը բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու եւ նրանց սատարելու գործում, իսկ նոր ընտրությունները, այս փուլում, համենայնդեպս, ոչնչով չէին նպաստելու դրան: Ավելին, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ կարծում եմ՝ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,-ասաց նա:

«Շնորհակալություն եմ հայտնում տեղամասեր այցելած բոլոր ընտրողներին՝ անկախ իրենց կատարած ընտրությունից: Ձեր քվեի պաշտպանությունը եղել է կ եւ կմնա մեր հիմնական պարտականությունը: 

Բոլորիդ աջակցությունն եմ հայցում Երեւանը երեւանցիների համար հարմարավետ ու հասանելի դարձնելու գործում», հավելեց Ավինյանը:

Նշենք, որ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել միայն ՔՊ-ից Տիգրան Ավինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ «Ազգային առաջընթաց» - 14 մանդատ «Մայր Հայաստան» - 12 մանդատ «Հանրապետություն» - 8 մանդատ «Հանրային ձայն»- 7 մանդատ Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել, եւ քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ կլինի կոալիցիա ձեւավորել: Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» թեեւ ավելի վաղ հայտարարել էր, որ մասնակցելու է ավագանու նիստին, սակայն երեկ հայտարարեցին, որ դեռ որոշում չունեն այդ հարցի առնչությամբ, թերեւս, ցանկանալով մինչեւ վերջին պահը ձգել ինտրիգը: Նիստին, բնականաբար, մասնակցում են նաեւ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը»: