Վերջին տարիներին Իսրայելում տիրող ներքաղաքական ճգնաժամը չէր կարող չազդել բանակի վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Նույնը տեղի էր ունենում և Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամի պայմաններում բանակում խնդիրներն անխուսափելի են»,- նշեց նա։
Փորձագետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը չէր կարող նման գործողություն իրականացնել, եթե երկար տարիներ չստանար Իրանի աջակցությունը, թեև շարժումն ինքը ստեղծվել էր Թեհրանի հակառակորդների՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմից։
«Սակայն դա չխանգարեց Իրանին վերահսկողության տակ առնել ՀԱՄԱՍ-ը և պրոքսի պատերազմ վարել, ինչպես դա հաջողությամբ արեց Իրաքում, Սիրիայում և Լիբանանում: Ընդ որում, չի կարելի ասել, որ իրանական ծրագիրն այժմ ամբողջությամբ իրականացվում է։ Իրանն այս պահին առավելագույնս օգտագործել է իրավիճակը, քանի որ հենց ինքն էր համարվում թիրախը, իսկ հիմա նրա թշնամին ինքը գտնվում է նվաստացած վիճակում»,- ընդգծեց Կիվիրյանը։
Նա հիշեցրեց, որ մինչ այդ, մի քանի տասնամյակներ շարունակ Իսրայելը սպանում էր իրանցի զինվորականներին, գիտնականներին և այլ կարևոր գործիչների, իսկ այժմ Թեհրանը լիովին վրեժխնդիր է եղել՝ բացահայտելով նաև Իսրայելի թույլ կողմերը։
«Սա այն դեպքում, երբ խոսքը պարզապես վստահված պրոքսիի մասին է։ Ի՞նչ կլինի, եթե Իսրայելն ուղղակի բախվի իրանական բանակի հետ։ Ակնհայտորեն խնդիրներ կլինեն։ Որոշ ժամանակ Իսրայելն այն վիճակում չի լինի, որ սպառնա Իրանին։ Դա գրեթե անհնար է անել առանց ԱՄՆ աջակցության։ Բայց Վաշինգտոնը վերջին իրադարձությունների պատասխանատվությունը չդրեց Իրանի վրա, քանի որ դրան պետք է հետևեին կոնկրետ գործողություններ, որոնց պատրաստ չէ ԱՄՆ-ը։
Ռուսաստանը կարող է օգտվել ընթացիկ իրադարձություններից, քանի որ արևմտյան ռեսուրսները կուղղվեն դեպի Իսրայել։ Կիևն իր հերթին կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Արևմուտքի ոգևորությունն ուկրաինական հակամարտության նկատմամբ վաղուց մարել է, իսկ հիմա արդեն և իսրայելական ճգնաժամն է»,- ավելացրել է վերլուծաբանը։
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին հերքվել են մի քանի առասպելներ, այդ թվում՝ ամերիկյան առասպելը, երբ ԱՄՆ-ը խայտառակ կերպով դուրս եկավ Աֆղանստանից, ֆրանսիական առասպելը, երբ Փարիզը կորցրեց վերահսկողությունն աֆրիկյան երկրների նկատմամբ, ռուսական առասպելն Ուկրաինայում, իսկ այժմ՝ իսրայելական միֆը։
«ՀԱՄԱՍ-ը կիրառեց մարտավարություն, որը ոչնչացրեց Իսրայելի անվտանգության համակարգի անպարտելիության մասին առասպելները: Իսրայելում այս շարժումը երբեք լուրջ չի ընդունվել։ Համարվում էր, որ ՀԱՄԱՍ շարժումը ոչ մի բանի ընդունակ չէ: Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել ընդամենը 1000-ից 2000 մարդ և մեկ օրում գրավել ավելի շատ տարածքներ, քան Ուկրաինան փորձում էր հետ գրավել 4 ամիս։
Այժմ, մի կողմից, «Հեզբոլլահը» սպառնում է պատերազմ սկսել, եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի Գազայի դեմ: Մյուս կողմից, իրանական վստահված անձինք սպառնում են հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ զինված ուժերն ուղղակիորեն ներքաշվեն հակամարտության մեջ: Ուստի, իրադարձությունների զարգացումը կարող է անկանխատեսելի լինել։ Առաջիկա օրերին խնդիրը չի լուծվի, իսկ, ընդհանուր առմամբ, այն հեռու է լուծվելուց»,- եզրափակեց Կիվիրյանը։











