ԵԽԽՎ հոկտեմբերի 12-ի նիստում հրատապ ընթացակարգով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները ներկայացրեց սեպտեմբերի 19-ի էսկալացիայից հետո ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ գրասենյակի պատրաստած արձագանքման պլանը։
Նա ասաց, որ ՀՀ կառավարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 100,632 մարդ է բռնի տեղահանվել ԼՂ-ից, այդ թվում 30,000 երեխա, այսինքն՝ օրական Հայաստան է ժամանել մոտ 15,000 մարդ։ Սակայն հոկտեմբերի 1-ից մարդկանց հոսքը մեծապես նվազել է։ Նրա խոսքով՝ այժմ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում ամեն 30-րդը համարվում է փախստական, դա ներառում է նաև 35,000 փախստականներին, որոնց մեծ մասը Հայաստան է եկել նախորդ պատերազմի ժամանակ։
Անդրեաս Վիսները նշել է, որ փախստականները հիմնականում շփոթված են և մտահոգված իրենց ապագայով. «Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա ԼՂ-ում իրենց տների հետ, արդյոք կկարողանա՞ն երբևէ վերադառնալ, կամ արդյոք ՀՀ-ում կկարողանա՞ն լուծել իրենց երեխաների կրթության խնդիրը, ի թիվս այլ խնդիրների։ Նրանք շատ քիչ բան են կարողացել իրենց հետ վերցնել և այնպիսի պարագաների անհապաղ կարիք ունեն, ինչպիսիք են վերմակները, անկողնային պարագաները, դեղորայքը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը և այլն։ Շատերը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը, տրավմաներ ունեն և նրանց հոգեբանական աջակցություն է հարկավոր»։
Նրա խոսքով՝ թեև ՀՀ կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է տեղահանվածների կարիքները հոգալու համար,այդուհանդերձ, միջազգային կազմակերպությունների աջակցության կարիքը նույնպես կա, առնվազն վեց ամսվա կտրվածքով կամ ավելի։ Անդրեաս Վիսների խոսքով՝ հումանիտար աջակցության ծրագրերին պետք է հետևեն պրոգրեսիվ ինտեգրացիոն ծրագրերը։
ԱՆդրեաս Վիսների խոսքով՝ ՀՀ-ում առկա կացարանները վերանորոգման կարիք ունեն, սուղ են բնակարանային պայմանները մարդկանց արտակարգ ռեժիմով տեղավորելու համար։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը նաև ներգրավված է տեղահանվածների վայրերի մշտադիտարկման աշխատանքներում։
Անդրեաս Վիսները նշեց, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված երեխաների 40%-ը ներառվել է հայաստանյան կրթական հաստատություններում, սակայն դա բավական ցածր ցուցանիշ է և պատճառն այն է, որ դեռ ոչ բոլոր ընտանիքներն են կարողացել վերջնականապես հաստատվել կոնկրետ համայնքում, նաև ոչ բոլոր դպրոցներն են կարողանում նոր աշակերտների ընդունել։
Նա նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը ֆինանսական մեկանգամյա և վեցամսյա աջակցություն է տրամադրելու տեղահանվածներին։ Սակայն, ըստ նրա, կարիք չկա, որ տեղահանվածները այս հատուկ աջակցությունն ստանան երկար ժամանակ, այն պետք է հնարավորինս շուտ ներառվի սոցիալական ապահովության ծրագրերում։ Երկարաժամկետ հեռանկարում, ըստ նրա՝ միջազգային աջակցության կարիք կա, որպեսզի ստեղծվեն համապատասխան պայմաններ, ենթակառուցվածքներ տեղահանվածների համար, օրինակ՝ ավելացվի դպրոցների հնարավորությունները, քանի որ, իրենց հաշվարկներով, ԼՂ-ի տեղահանվածների մոտ 85,000-ը չի լքի Հայաստանը մոտ ապագայում։











