Միացյալ մաքսային միությունում ընդգրկվելու ճանապարհին եղած խոչընդոտներն անհաղթահարելի չեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-25-ը ՌԴ-ում տեղի ունեցող  պետական այցի շրջանակներում ՄՊՀ-ի ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Պատասխանելով Հայաստանի` Մաքսային միությունում ընդգրկվելու մասին հարցին,   նախագահը նշել է, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ գործընկեր երկրների ինտեգրացիոն գործընթացներին ոչ միայն խոսքերով, այլեւ գործով: «Հայաստանը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամ է եւ այդ կազմակերպության շրջանակներում կարեւորագույն նախաձեռնություններ է ներկայացնում: Հայաստանը ԱՊՀ կարեւորագույն անդամներից է», - հայտարարել է նախագահը: Վերջապես, ունենալով դիտորդի կարգավիճակ Եվրասիական տնտեսական համագործակցության  (ЕврАзЭС) կազմում, Հայաստանը, այնուամենայնիվ, գործուն մասնակցություն է ցուցաբերում նաեւ այս կազմակերպության աշխատանքներին: 

Մաքսային միությանն անդամագրվելու համար, նշել է Ս. Սարգսյանը, Հայաստանը պետք է մի շարք բարեփոխումներ կատարի, սակայն բանակցային գործընթացն արդեն սկսվել է: «Մաքսային միությունը այն կազմակերպությունը չէ, որին կարող ես  միանալու հայտ ներկայացնել եւ վաղն եւեթ հրավեր ստանալ: Պետք է աշխատել այդ ուղղությամբ», - հայտարարել է ՀՀ նախագահը:

Հիշատակելով Մաքսային միությունում ներգրավվելու դեպքում Հայաստանի հնարավոր օգուտների մասին` նա նշել է, որ հարցն ուսումնասիրելիս անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանների բացակայությունը: «Խոչընդոտներն առկա են, սակայն դրանք չեն կարող խանգարել գործընթացի առաջխաղացմանը: Մենք այն սկսել ենք եւ առաջ ենք շարժվելու», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: