Ժողովրդի մի ստվար զանգված այսօր հնչող հայկական երգ-երաժշտությունից ոչինչ չի հասկանում, որովհետեւ այն բովանդակություն չունեն։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է երաժիշտ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա խոստովանել է, որ ինքն անձամբ չի հետեւում այսօրվա հայկական երգ-երաժշտությանը, քանի որ դրանց մեջ պատգամ չի տեսնում:

«Այդ երգերն իրենց մեջ պատգամ չեն պարունակում: Ոոմանք ծափ են տալիս այդ երգերին՝ կարծելով, թե դա արվեստ է։ Իրականում դա շոու-բիզնես է»,- նշել է նա ու վստահություն հայտնել, որ այսօրվա արվեստի անկման պատճառը հենց շոու-բիզնեսն է:

Հախվերդյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում բարոյական արժեքները փոխարինվել են նյութական արժեքներով, որի հիմքում հետամնացությունն ու տգիտությունն է:

Նա անդրադարձել է նաեւ հայկական հեռուստեսությամբ ցուցադրվող հայ-վրացական երաժշտական նախագծերին, ընդգծելով, որ սովորաբար, երբ մեկի հետ ընկերություն ես անում, դա չես շեշտում, այնինչ այդ նախագծերում քարոզվում է հայ-վրացական բարեկամությունը, որն իրականում գոյություն չունի: «Ինչպես այժմ հայրենասիրության քարոզ են խաղում, այնպես էլ փորձում են հայ-վրացական բարեկամություն խաղալ»,- ասել է Հախվերդյանը: