ԵԱՀԿ Մինսկի խումբը հազիվ թե կարողանա ինչ-որ սկզբունքորեն նոր բան առաջարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի` հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների  ուսումնասիրության կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի այն հայտարարությունը, թե համանախագահները միջոցներ են փնտրում պահպանել եւ ավելի աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը: Կարավաեւի խոսքով` այսօր  դժվար է նոր խթան գտնել այդ ուղղությամբ:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջին օրը չէ, որ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ուղիներ են փնտրում: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացն արդեն մի քանի տարի գտնվում է արգելակման եւ տեղում դոփելու փուլում: Այդ ընթացքում սկզբունքորեն ոչ մի նոր բան չեն մտածել, եւ ես այդ առումով լավատես չեմ»,-ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքով` միակ բանը, որ այսօր կարող է առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին`  ձեւաչափն է: «ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային հարթակն է աշխարհում, որտեղ պաշտոնապես քննարկվում է ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ կարող են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որտեղ կարող են մշակվել երկկողմ  փաստաթղթեր եւ այլն: Մինսկի խումբը բանակցային գործընթացը դիվանգիտական հունի մեջ է պահում»,-կարծում է Կարավաեւը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, ելույթ ունենալով Save the children կազմակերպության նախագծին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել էր, թե համանախագահները միջոցներ են փնտրում պահպանել եւ ավելի աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը: Նրա խոսքով` ԱՄՆ-ն նախկինի պես ամենաբարձր մակարդակով ակտիվորեն փորձում է օժանդակել Մինսկի գործընթացի առաջխաղացմանը: