Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրական առաջընթացի համար քաղաքացիական երկխոսություն է անհրաժեշտ, որն այսօր բացակայում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի` հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Նրա խոսքով` հակամարտության հաջող կարգավորումն արմատապես հիմնվում է հենց այս հարցի վրա:
«Եթե խոսքը զուտ վարչական որոշման մասին լիներ, օրինակ, շրջանների հանձնման, ապա հնարավոր առաջընթացի մասին դեռ կարելի էր խոսել: Սակայն դա այդպես չէ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ուղղությամբ շատ բան չի կարող առաջարկել»,- նշեց փորձագետը:
Զրուցակցի խոսքով` ղարաբաղյան գործընթացը պարբերաբար օգտագործվում է արտաքին ուժերի կողմից` նրանց քաղաքականության ակտիվացման համար: «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, եռակողմ հանդիպում նախաձեռնելով, շատ ռեսուրսներ դրեց առաջընթացի հասնելու համար: Սա թեեւ Մինսկի գործընթացը չէ, սակայն դրա հետ առնչություն ունի: Արդյունքը տեսան բոլորը: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ թեեւ գործընթացին մասնակից ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում են, որ յուրաքանչյուրն իր կողմից ողջունում են Մեդվեդեւի նախաձեռնությունը, նրանք երկուսն էլ խնդրին փոքր-ինչ տարբեր տեսանկյուններից են նայում»,-ընդգծեց Կարավաեւը` ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում կարգավորման գործընթացի առաջխաղացման իրական խթաններ չի տեսնում:




























