Պետերբուրգում ձերբակալված Գեւրոգ Ալիվորյանի նկատմամբ ընթացակարգային ոչ մի գործողություն չի կատարվում, նրան պարզապես պահում են կալանքի տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը: Նրա խոսքով` հետաքննությունը փակուղային վիճակում է եւ դրանից ելքեր է փնտրում:
«Իմ պաշտպանյալի նկատմամբ ոչ մի ապացույց չկա` ոչ մի վկայի ցուցմունք, ականատեսներն էլ նրա անունը չեն տալիս: Սակայն նոյեմբերի 4-ին նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգեցին եւս մեկ ամսով» , -ասաց նա: Ըստ փաստաբանի` ոստիկանության գործողություններն այնպիսի անհեթեթ շրջադարձ են ընդունում, որ անգամ ծիծաղելի է դառնում:
«Կալանքի երկարաձգման համար որպես հիմնավորում քննիչները ներկայացրեցին «անհրաժեշտ հետաքննական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են վկաների որոնումը, ապացույցների ձեռք բերումը եւ այլն: Միջադեպը տեղի է ունցել հունիսի 5 –ի գիշեր, եւ ահա, հոկտեմբերի 4 –ին նրանք որոշել են դրանով զբաղվել: Դա անհեթեթ է»,-հայտարարեց զրուցակիցը:
Զ. Գաբրիելյանը նաեւ տեղեկացրեց, որ այս գործի շուրջ ծագած աղմուկի պատճառով քննիչները ցեյտնոտի վիճակում են գտնվում եւ վախենում են ազատ արձակել Գեւորգին. « Քանի որ, եթե նրան բաց թողնեն, բոլորն ստիպված կլինեն պատասխան տալ իրենց մեղքի չափով: Ինձ անգամ այդ գործով քննիչն է զանգել` Օլգա Դավիդովան, առաջարկելով, «որպեսզի նա թեկուզ խոստովանի, որ անցել է ինքնապաշտապանության համար թույլատրելի սահմանը»: Ես պատասխանեցի,որ մենք արդեն ողջ ճշմարտությունն ասել ենք, թե ինչպես է այստեղ իրականացվում հետաքննությունը, ինչպես են խոշտանգում մարդկանց, եւ մենք չենք ընկրկելու»,-հայտարարեց փաստաբանը` ընդգծելով, որ Ալիվորյանը որեւէ կապ չունի այդ միջադեպի հետ եւ ձերբակալվել է «մեկին գտնելու եւ նրա վրա ամեն ինչ բարդելու» սկզբունքով:
Տուժողը` ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը, չի փոխել ցուցմունքը եւ Գեւորգ Ալիվորյանին մեղավոր չի համարում եւ չի նշում նրա մասնակցությունը միջադեպին: NEWS.am-ի աղբյուրների համաձայն` հետաքննությունը ճնշումներ է գործադրում, որպեսզի տուժողը փոխի ցուցմունքն ի վնաս Աիվորյանի:
Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը: Սկանդալը կայանում է նրանում, որ տուժածը պնդում է, թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է:Միջադեպից մեկ օր անց անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ, Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Գարիկին բաց են թողել, եւ ներկայումս նա վկայի կարգավիճակում է:
Վկային ծեծի ենթարկելու փաստով ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»:Ոստիկանության «ջանքերը» կարելի է բացատրել: Խնդիրն այն է, որ ինչպես պնդում են տեղաբնակներևը, Ֆրունզեի շրջանում շատ են ադրբեջանցիները: Տվյալ պարագայում տուժել է ադրբեջանցի երիտասարդը, ով եւս, ըստ որոշ տվյալների, կապ չի ունեցել վեճի հետ, եւ ավելի շուտ, «միջոցներ են ձեռնարկվել» մեղավորներին անպայման գտնելու համար:Առաջիկայում կորոշվի Գեւորգի հետագա ճակատագիրը: Իսկ Գարիկ Ալվորյանը ներկայումս բուժման կուրս է անցնում Երեւանում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել էր թե ոստիկանների հետ «շփման» արդյունքում ձեռք է բերել ուղեղի ցնցում, կողոսկրի կոտրվածք: «Մեզ խեղդում էին եւ էլեկտրաշոկ կիրառում»,-պատմել է Գարիկը:Այդ երեկո եղբայրները գտնվել են սրճարանում, սակայն նկատելով, որ վիճաբանություն է սկսվում, շտապել էին լքել այն` տհաճ պատմության մեջ չներքաշվելու համար:




























