ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այսօր ուղղված է  ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ կայունության պահպանմանը հնարավոր ռազմական գործողությունների գոտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:  Նրա խոսքով` 2001թ. Քի Վեսթում բանակցություններից հետո Մինսկի խմբի գործունեությունը միօրինակ է:

«Սա դիվանագիտական հարթակն է, որի խաղացողներն այսօր թողել են իրենց բոլոր գործերն ու զբաղված են նրանով, որ թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում: Նրանք քայլեր են ձեռնարկում վատահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Եթե կողմերը փոխադարձ զիջումների չեն գնում, ապա ԵԱՀԿ ՄԽ դերը  իրավիճակի վեահսկողության  մեջ է  կայանում»,-ընդգծեց Մինասյանը` ավելացնելով, որ առաջին հերթին դա Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման արդյունք է:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ Ադրբեջանը զիջի ԵԱՀԿ ՄԽ-ի ճնշմանը, եւ, օրինակ, դուրս բերի դիպուկահարներին շփման գծից,  քաղաքագետն ասաց, որ կեղծ լավատեսությամբ չի տառապում. «Հաջողության հույսերն, իմ կարծիքով, մեծ չեն: Հավանականություն կա, սակայն սա մի հարց է, որը կախված է մի շարք գործոններից»,-հայտարարեց քաղաքագետը: