Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները փաստում են, որ երկրում իշխող խմբավորումները պետք է թարմացվեն, եւ դա հրատապ է, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը եւ հավելում, որ դա կապված է ոչ միայն քաղաքական մտքի եւ քաղաքական իրողությունների հետ, այլ նաեւ տարիքային խնդիր է:
«Դեռ Հեյդար Ալիեւի կառավարման ժամանակաշրջանում իշխանության եկած ու պաշտոններ զբաղեցրած մարդիկ մինչ օրս շարունակում են իրենց գործունեությունը քաղաքական ասպարեզում: Դա նշանակում է, որ իշխող խմբավորման անդամները բավականին ծեր են, եւ նրանց փոխելու կարիք կա: Ուստի կասկած չկա, որ թե նախարարների, թե գործադիր ղեկավարների եւ այլ պաշտոնյաների մակարդակով, քայլեր պետք է ձեռնարկվեն եւ մի շարք ղեկավարներ պետք է հեռացվեն զբողեցրած պաշտոններից»,-նշում է գործակալությունը:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ փոփոխությունների առաջին փուլը սկսվելու է 2012-ին, եւ ավարտին հասցվելու 2013-ին: Նախագահական ընտրություններից հետո, հին խմբավորումը ամբողջությամբ վերափոխվելու է: Հնարավոր է, որ բացառության կարգով մի քանի նախարարները շարունակեն իրենց գործունեությունը:
«Պոլիգոնը» նշում է, որ իշխող խմբավորման մեջ տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ որոշակի արմատական դրսեւորումներ են նկատվում նաեւ ընդդիմադիր ճամբարում:




























