ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի արդյունքում տարածել են հայտարարություն` ընդգծելով բանակցությունների մթնոլորտը բարելավելու, վստահության բարձրացման եւ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասյեն Ֆրանսիայից, Ռոբերտ Բրադտկեն ԱՄՆ-ից եւ Իգոր Պոպովը Ռուսաստանից) եւ դեսպան Անջեյ Կասպրշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) հոկտեմբերի 21-ից 24-ն այցելեցին Երեւան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու: Համանախագահները հանդիպել են նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի, Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է նշանակալիորեն բարելավեն բանակցությունների մթնոլորտը, մեծացնեն վստահությունը, ուժեղացնեն հրադադարի ռեժիմի պահպանումը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց ապահովել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: 

Համանախագահները մի քանի առաջարկ են արել այն քայլերի վերաբերյալ, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում ամրապնդել վստահությունը։ Կողմերը սկզբունքային համաձայնության են եկել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագծի շուրջ, որը համանախագահները ներկայացրել էին ապրիլին, եւ որին նախագահներ Սարգսյանը, Ալիեւն ու Մեդվեդեւը պայմանավորվել էին հետամուտ լինել Սոչիում ընդունված մարտյան հայտարարությամբ:

Համանախագահները հանդիպել են նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եւ Կովկասի մուսուլմանների խորհրդի նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` քննարկելու ժողովուրդներին արդար, երկարատեւ ու խաղաղ լուծման նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 22-ին համանախագահները ոտքով հատել են շփման գիծն արդեն չորրորդ անգամ վերջին 14 ամսում: Այդ քայլը եւս մեկ անգամ ընդգծեց, որ շփման գիծը մշտական արգելք չէ հարեւան ժողովուրդների միջեւ, եւ ցույց տվեց, որ ռազմական կոորդինացիա հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են:

Համանախագահները տարածաշրջան կվերադառնան նոյեմբերի վերջին` շարունակելու կողմերի հետ աշխատանքը` վերը նշված միջոցառումները մշակելու եւ հաջորդ քայլերը հստակեցնելու համար, որոնք ճանապարհ կհարթեն կողմերի հետագա հանդիպումների համար»,- ասված է հայտարարությունում: