Մարդու իրավունքների եւ անվտանգության հարցերով հիմնական եվրոպական մարմնի` ԵԱՀԿ-ի զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, թե հույս ունի, որ Facebook-ով հակակառավարական ցույցերի կոչ արած երկու ադրբեջանցի ակտիվիստներն ազատ կարձակվեն: Այդ մասին հաղորդում է РСЕ/РС ադրբեջանական ծառայությունը:

Ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիյար Գաջիեւի խնդիրը Միյատովիչը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Միյատովիչը РСЕ/РС-ին չի հայտնել, թե երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը:

Ընդդիմության ակտիվիստ Սավալանը եւ պատգամավորի նախկին թեկնածու, Հարվարդի շրջանավարտ Գաջիեւը քրեական մեղադրանքներով նետվել են բանտը: Գաջիեւը երկու տարով ազատազրկվել է զինծառայությունից խուսափելու համար, իսկ Սավալանը ստացել է 2,5 տարի թմրանյութ պահելու համար:

Միյատովիչը չի ընդունել փաստարկը, թե իր մանդատը տարածվում է միայն լրագրողների հարցերի վրա: Միյատովիչը վստահություն է հայտնել, որ պարտավոր է ձայն բարձրացնել կարծիքի ազատ արտահայտման համար պայքարողների հարցերով եւս:

Մայիսին Միյատովիչի Ադրբեջան կատարած այցից հետո ազատ արձակվեց լրագրող, թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուալեւան, որը չորս տարի անցկացրեց բանտում:

Գաջիեւի եւ Սավալանի ազատ արձակման հնարավորության վերաբերյալ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Ադրբեջանում ամեն ինչ տեղի է ունենում Ադրբեջանի ղեկավարության որոշմամբ:

Միյատովիչն անվանարկման ապաքրեականացման հարցը քննարկելու նպատակով առաջիկայում կժամանի Ադրբեջան: