Հոկտեմբերի 25-ին «Մոսկովսկիե նովոստի» թերթը գրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պետական այցի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երեւանյան այցի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության արդյունքների եւ նպատակների մասին:
Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները երկուշաբթի միասին զանգել են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին եւ ցավակցություն հայտնել երկրաշարժի կապակցությամբ: Դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակում: Մոսկվայից բացի Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Կրասնոդար:
Միայն հոկտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները համաձայնություն ձեռք բերեցին, որ Սարգսյանի այցը կունենա պետականի կարգավիճակ:
Պետության ղեկավարը պաշտոնավարման ընթացքում միայն մեկ անգամ է պետական այցով լինում մի երկրում: Երկու առաջնորդները եւս մեկ անգամ ընդգծեծին հատուկ դերը, որը փորձում է խաղալ Մեդվեդեւը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Թեեւ իսկական բեկումների ժամանակ Մեդվեդեւը որպես միջնորդ գործնականում այլեւս չունի:
Այս ֆոնին նշանակալի նորություն կարելի է համարել բանակցությունների ընթացքում Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազանգը Թուրքիայի նախագահին եւ ցավակցություն հայտնելը: Հայաստանի նախագահը հաստատել է օգնություն տրամադրելու պատրաստականությունը: Հայաստանն ու Թուրքիան բոյկոտում են միմյանց 1990-ականների սկզբից` Հայաստանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու Անկարայի համառության, իսկ Թուրքիան` Ղարաբաղի հարցում Ադրբեջանին համերաշխ լինելու պատճառով:
«Մոսկովսկիե նովոստի» թերթի զրուցակիցները Հայաստանում հիշեցնում են, որ Սարգսյանի այցը Մոսկվա հաջորդեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երեւանյան այցին: Սարկոզին Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ ձգտում է ստանալ Ֆրանսիայում ազդեցիկ հայ համայնքի աջակցությունը: Սարկոզին Երեւանում աջակցություն հայտնեց Հայաստանին, հիշեց Հայոց ցեղասպանության մասին, վստահեցրեց, որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Սարգսյանը Թուրքիայի նախագահին արած մոսկովյան ժեստով կարծես` փորձում է հավասարակշռել Սարկոզիի հակաթուրքական հռետորությունը:
Սարգսյանի այցին զուգահեռ Հարավային Կովկասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ստեփանակերտում ֆրանսիացի համանախագահ Ֆասյեն հայտարարեց, որ կողմերը պետք է հրաժարվեն ռազմաշունչ հռետորությունց:
«Երբ մարդիկ խոսում են պատերազմի եւ հակամարտության ուժային լուծման մասին, դա չի նպաստում քննարկման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը», - ասել է ֆրանսիացի դիվանագետը:
Այս խոսքերը կարելի է ընդունել որպես Բաքվի հռետորության քողարկված քննադատություն: Նույն ոգով է արտահայտվել նաեւ նախագահ Մեդվեդեւը` նշելով, որ «հակամարտության արդար լուծումը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով»:
Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կմեծացնի ներդրումները Հայաստանում, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանի նախագահը հատուկ շեշտել է ատոմային էներգետիկայի կարեւորությունը` այն որակելով մեծ ներդրումներ պահանջող համագործակցության կարեւոր ուղղություն:
«Մենք շարունակում ենք այդ նախագծի քննարկումը եւ հույս ունեմ, որ կգտնենք ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման օպտիմալ տարբերակ»: Այս ռեպլիկից կարելի է ենթադրել, որ Կրեմլը պատրաստ է կատարել խոստումը եւ Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությունում իրականացնել արժեքի կեսի` 2,5 միլիարդ դոլարի ներդրում:




























