Մոսկվայի քաղաքային դատարանում, այսօր` հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա Մոսկվայում դեռեւս դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հերթական դատական նիստը, որտեղ դատախազը պատժաչափ կառաջարկի մեղդրյալների համար:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ, սպանվել էր ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովը: Այս գործով երդվյալ ատենակալներն արդեն հրապարակել են իրենց մեղադրական վճիռը: Նալչիկի բնակիչ Ասլան Չերկեսովը միաձայն մեղավոր է ճանաչվել Սվիրիդովի սպանության եւ նրա ընկեր Սերգեյ Գասպարյանի դեմ մահափորձի, այլ տուժողների ծեծելու եւ նրանցից մեկի պայուսակը գողանալու մեջ:
Ատենակալների կարծիքով, Չերկեսովը մեղմ վերաբերմունքի արժանի չէ: Այդ հանցագործությունների համար առավելագույն պատժաչափը ցմահ ազատազրկումն է:
Մնացած ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության եւ թեթեւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Այդ հոդվածները նախատեսում են 2-7 տարվա ազատազրկում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Եգոր Սվիրիդովը սպանվել է 2010-ի դեկտեմբերի 6-ին: Այս գործով մեղադրյալի աթոռին են նստած Ասլան Չերկեսովը, նաեւ Չեչնիայի եւ Դաղստանի բնակիչներ Աքայ Աքաեւը, Արթուր Արսիբիեւը, Հասան Իբրահիմովը, Նարիման Իսմայլովը, Ռամազան Ուտարբիեւը:
Հետաքննության վարկածով, դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, «Սթրիմեր» ատրճանակով զինված Ասլան Չերկեսովը այցելել է «Պիվնայա տոչկա» սրճարան: Այնտեղ նա հանդիպել է 5 ծանոթների, որոնք հետագայում մասնակից են դարձել ծեծկռտուքին, որի ժամանակ սպանվել է Սվիրիդովը:
Սվիրիդովի սպանությունը ազգայնական բնույթի ցույցերի առիթ դարձավ Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում, որի ժամանակ բռնության ենթարկվեցին բազմաթիվ կովկասցիներ:




























