Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների խնդրանքով, ներկայացրեց այն 10 առաջնահերթ քայլերը, որ պետք է կատարի կառավարությունը` ճգնաժամին դիմագրավելու համար: Դրանք են.

1. Կենտրոնական բանկը պետք է շուկայից հավաքի այն 2 մլրդ դոլարը, որ տրանսֆերտների տեսքով մտնում է Հայաստան եւ ստեղծում արհեստական փոխարժեք (թանկ դրամ): Հավաքագրված գումարներով պետք է ստեղծվի կայունացման հիմնադրամ:

2. Ձեռնարկատերերի թիվը պետք է կազմի ազգաբնակչության 40 տոկոսը, դրա համար պետք է վարկավորման տոկոսը 12-ից իջեցնել մինչեւ 2-3 տոկոս, թույլ չտալ դրամի արժեւորում, ընդհակառակը` դրամը պետք է հանգիստ արժեզրկվի;

3. Անցնել պրոգրեսիվ հարկման համակարգի:

4. Բանկերի հարկումը պետք է իրատեսական լինի, քանի որ նրանք զուրկ են ռիսկերից ու արդյունաբերության հաշվին են գործում:

5. Հանքերը պետք է վաճառել իրենց իրական գներով, որոնք սահմանվեն խորհրդարանի կողմից:

6. Կոնսոլիդացնել հանրապետության բյուջեն, արգելել բյուջետային երաշխիքների տրամադրումն ում պատահի:

7. Բացառել կառավարության որոշմամբ հարկային արտոնությունների տրամադրումը:

8. Բացառել բանկերում վատ վարկերի դուրսգրումը, որն իրականում արտոնություն է բանկի համար:

9. Մենաշնորհների համար այլ հարկեր սահմանել, օրինակ` ոչ թե 20 տոկոս, այլ 70 տոկոս շահութահարկ:

10. Հրապարակել տեղեկատվություն, թե Կենտրոնական բանկի պահուստները որտեղ են պահվում: