Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 24-ին զանգել է Թուրքիայի վարչապետին եւ ցավակցություն հայտնել երկրաշարժի կապակցությամբ:
Իսրայելի վարչապետի գրասենյակից հաղորդում են, որ Նեթանյահուն երկրորդ անգամ է Թուրքիային առաջարկել «ցանկացած հումանիտար օգնություն, որի կարիքն ունի Անկարան»: Թուրք վարչապետը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարության ղեկավարին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հրաժարվել է ընդունել Իսրայելի եւ Հայաստանի առաջարկած օգնությունը:
«Մենք կօգտվենք նրանց օգնությունից միայն ամենածայրահեղ դեպքում, երբ այլ ելք չենք ունենա», - հայտարարել էին թուրքական ղեկավարությունում:
Նեթանյահուի եւ Էրդողանի զրույցն առաջինն էր 2010թ. դեկտեմբերից ի վեր, երբ Իսրայելի վարչապետը շնորհակալություն էր հայտնել Թուրքիային Քարմել լեռան հրդեհը վերացնելու ժամանակ տրամադրած օգնության համար, հաղորդում է cursorinfo.co.il-ը:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան նահանգում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 279-ի: Տուժել է 1,3 հազար մարդ: Քանդվել է 2,6 հազար տուն: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 3 հազար փրկարարական ջոկատ:




























