Հայաստանի տարածքը գտնվում է մոլորակի ամենավտանգավոր երեք սեյսմիկ գոտիներից մեկի՝ Ալպհիմալայան գոտու սեգմենտի մեջ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը։

Վերջինիս խոսքով, բոլորովին էլ արտառոց բան տեղի չի ունեցել։ «Հայաստանում երկրաշարժեր եղել են, կան ու միշտ կլինեն, կարեւորը՝ մտածել, թե ինչպես կառուցել եւ պատրաստվել երկրաշարժերին»,- նշել է նա՝ խորհուրդ տալով որեւէ կերպ խուճապի չմատնվել։ Որպես օրինակ Բալասանյանը նշել է Ճապոնիան, որտեղ 8-9 բալանոց երկրաշարժեր ավելի հաճախ են լինում, սակայն բնակչությունը ավելի պատրաստված է նման տարերային աղետներին։  «Ճապոնացի երեխաներն ավելի պատրաստված են երկրաշարժին, քան մեր մեծահասակները»,- արձանագրել է սեյսմոլոգը։

«Փաստացի, մենք պատրաստ չենք երկրաշարժը դիմավորել այնպես, որ կարողանանք քիչ վնասներ կրել»,- նկատել է նա։