Այն անձինք, ովքեր հոկտեմբերի 23-ին, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, դեռ վախեցած են եւ հոգեբանական խնդիրներ ունեն, պետք է դիմեն մասնագետին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանը: Նա խորհուրդ է տալիս երեխաների դեպքում վախը հաղթահարել թղթի վրա տուն նկարելով եւ այն պատռելով:
«Կամ երեխան կուբիկներից սարքում է տուն, ինքը շարժվում է, շենքը քանդվում է, եւ երեխան հասկանում է, որ կարող է շենքը քանդվել»,- ասաց հոգեբանը: Տարեց մարդկանց օգնելու լավագույն տարբերակը նրանց հանդեպ ուշադիր լինելն է: Իսկ առհասարակ, հետերկրաշարժյան վախի զգացողությունները հաղթահարելու լավագույն դեղամիջոցը տպավորությունները կիսելն է եւ անհանգստությունները դուրս հանելը, սակայն չհետեւել դիմացինի խորհուրդներին:
«Երկրաշարժից հետո այն մարդիկ, ովքեր ենթարկվել են երկրաշարժի եւ ունեն ծանր փորձ, 10-15 օր անտարբերության շրջան է, քանի որ մարդը գտնվում է արգելակված վիճակում: Միակ օգնությունն այն է, որ ուշադիր լինես մարդու նկատմամբ»,- նշեց հոգեբանը:
Այնուհանդերձ, Ռուբեն Աղուզումցյանը մասսայական վախ չի նկատել երկրաշարժի հետեւանքով, սակայն, նրա դիտարկմամբ, որոշ մարդկանց մոտ վախի միջոցով հիշողության վերապրում է առաջացել: Ընդհանուր առմամբ, հոգեբանը նշեց, որ մեր ազգն ունի մեծ փորձ երկրաշարժերի առումով, մի կողմից դա կարող է դրական արդյունք ունենալ` ինչ անել, ինչպես գործել, մյուս կողմից` այն բավական խորը հետքեր է թողել եւ մարդկանց մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում անցել է 360-ից: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին: 117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Արճեշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1300 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի: Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:




























