Հայաստանի վարչապետը կարող է դիմել իր իռլանդացի գործընկերոջը` ֆուտբոլային  հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, 2012թ. Եվրոպայի մրցաշարի ընտրական փուլում Հայաստանը պարտվեց Իռլանդիային` 1:2 հաշվով եւ չանցավ անցումային փուլ:

«Հանդիպման սկզբում դաշտ իջավ Իռլանդիայի նախագահը եւ դատավորին ու խաղացողներին մաղթեց արդար խաղ: Կամա թե ակամա, նա այդ արդարության երաշխավորը դարձավ: Հայաստանի պարտությունը հիմնականում տեղի ունեցավ  դատավորի մեղքով, ով ձեռքով խաղի համար կարմիր քարտ ցույց տվեց, թեեւ դրանից առաջ ձեռքով էր խաղացել մրցակիցը: Հայ երկրպագուները կարող են ՈՒԵՖԱ-ում արդարության հասնել, առավել եւս, որ նման նախադեպեր արդեն գրանցվել են», - նշել է Վ. Դալլաքյանը: Հիշեցնենք, խոսքը Ֆրանսիայի եւ Իռլանդիայի հանդիպման մասին էր 2010թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի ժամանակ, երբ որոշիչ գոլի փոխանցման ժամանակ ֆրանսիացի հարձակվող Տիերի Անրին ձեռքով խաղաց, ինչը խոստովանեց ավելի ուշ:

«Դրա նախադեպեր եղել են, եւ Հայաստանի ֆուտբոլասերները կարող են դիմել ՈՒԵՖԱ` հիմնվելով Իռլանդիայի նախագահի տված երաշխիքների վրա», - հայտարարել է Վ. Դալլաքյանը:

Այս խնդրին կարող է նպաստել նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կարող է դիմել իր իռլանդացի գործընկեր Բրայն Կոուենին` ֆուտբոլային  հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով:

 «Հայաստանը պետք է շախմատային քայլեր կատարի ֆուտբոլի ասպարեզում` ելնելով գոնե հետագայում մեր հավաքականը դատավորների անարդարություններից փրկելու անհրաժեշտությունից», - ասել է պատգամավորը: