2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգը արտարժույթի առուվաճառքի գործառնություններից ապահովել է 6.3 մլրդ դրամ եկամուտ, որը 7.6%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի եկամուտը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության մասին հաշվետվությունում: Նշենք, որ առեւտրային բանկերը կիսամյակի ընթացքում արժույթի շուկայում իրականացրել են մոտ 2.2 մլրդ դոլարի առուվաճառքի գործարքներ, որից 1.8 մլրդ-ը` մասնաճյուղերի եւ փոխանակման կետերի միջոցով, իսկ 375 մլն դոլարը` բորսայում:
2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ դրամի՝ այլ արժույթների նկատմամբ փոխարժեքի տատանումների հետեւանքով բանկային համակարգն արտարժույթի վերագնահատման արդյունքում ունեցել է 572 մլն դրամի վնաս, որը կազմել է բանկային համակարգի նորմատիվային կապիտալի 0.2 %-ը: Արտարժույթի վերագնահատման արդյունքում վնաս է ունեցել 14 բանկ, իսկ եկամուտ՝ 7 բանկ:




























