Հայաստանի վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանի եւ անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի վճռաբեկ բողոքները, եւ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. փետրվարի 9-ի դատավճռում նշվել է, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանը, նախնական համաձայնության գալով վարկային բաժնի մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊ ընկերության տնօրենի հետ, ձեւակերպել են կեղծ վարկեր: Մասնավորապես` մասնաճյուղի վարկառուների անվամբ՝ առանց նրանց իմացության, 2006-2007թթ. ձեւակերպել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման պատրվակով վարկ հատկացնելու վերաբերյալ 198 կեղծ պայմանագրեր` 53 մլն 661 հազար 800 դրամ եւ 5 հազար 311 ԱՄՆ դոլար գումարի:

Այնուհետեւ ստացված գումարների իրական բնույթը, ծագումը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով այդ գումարները փոխանցել են կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Խ. Շաբոյան» Ա/Ձ-ի եւ   «Վասարաթ» ՍՊ ընկերության հաշվեհամարներին: Գումարները փոխանցելուց հետո Խ. Շաբոյանը եւ Հ. Խաչատրյանը իրենց հաշվեհամարներին փոխանցված վերոնշյալ գումարներն ապօրինի կանխիկացրել են ` իբր իրենց խանութներից ապառիկ կարգով վաճառել են կենցաղային տեխնիկա: Կանխիկացված գումարները փոխանցվել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Ա. Բաղդասարյանին եւ վարկային բաժնի մասնագետ Հ. Համբարձումյանին: Վերջիններս յուրացման եղանակով հափշտակված գումարներից մի մասով կատարել են վարկերի մարումներ, որպեսզի իրենց կողմից կատարված հանցանքը չբացահայտվի, իսկ մնացած մասը տնօրինել եւ ծախսել են անձնական կարիքների համար:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա. Բաղդասարյանը եւ Խ. Շաբոյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի -179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ա. Բաղդասարյանի համար դատարանը պատիժ է սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով եւ հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության 16 մլն 864 հազար 515 դրամի բռնագանձում, իսկ Խ. Շաբոյանի համար պատիժ է սահմանել ազատազրկում` 7 տարի ժամկետով  եւ հօգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության 5 մլն 637 հազար 784 դրամի բռնագանձում:

Ինչ վերաբերում է Հ. Համբարձումյանին, ապա  ընդհանուր իրավասության դատարանի` 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ նրա վերաբերյալ գործի մասն անջատվել է եւ նրա նկատմամբ  հայտարարվել  հետախուզում` նկատի ունենալով,  որ գործը դատարանում քննելիս Հ. Համբարձումյանը խուսափել  եւ թաքնվել է քննությունից: Նրա նկատմամբ վարույթը կասեցվել է` մինչեւ վերջինիս հայտնաբերումը:

2011թ. հուլիսի 6-ին ամբաստանյալներ Ա. Բաղդասարյանը եւ Խ. Շաբոյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են, իսկ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքները հետ են վերադարձվել, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: