Եգիպտոսի մոտ 12 հազար ոստիկաններ երկուշաբթիից սկսած չեն դադարեցնում համազգային գործադուլը` պահանջելով աշխատավարձի կրկնակի բարձրացում եւ ոստիկանության ղեկավարության փոփոխություն, հաղորդում է АР-ն:
Մոտ երեք հազար շարքային ոստիկաններ ցույց են անցկացրել Կահիրեում, Ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Աշխատավարձի բարձրացումից բացի նրանք նաեւ պահանջում են դադարեցնել շարքային ոստիկանների դեմ ընթացող դատավարությունները: Նրանք նաեւ պահանջում են հեռացնել համակարգից ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ Ադլիի կողմնակիցներին: Հեղափոխությունից հետո նախկին նախարարը ամբաստանյալի աթոռին է:
Ոստիկանները փակել են երկրի հիմնական մայրուղիները եւ ոստիկանական բաժանմունքները: Գործադուլին միացել են Կահիրեի միջազգային օդանավակայանի, հանգստավայրերի, բանտերի ոստիկանները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:




























