Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո մի շարք երկրներ, այդ թվում եւ Հայաստանը  Թուրքիային առաջարկեցին իրենց օգնությունը, սակայն թուրքական կողմը հրաժավեց ընդունել այն` պնդելով, թե ինքնուրույն կլուծի իր խնդիրները: Սակայն երկրաշարժից 3 օր անց դեռ տուժածների մի մասին չի հասել առաջին անհրաժեշտության օգնություն: Վանի նահանգու, որտեղ բնակչության գերակշիռ մասը քրդեր են, երկրաշարժից տուժվածները քնում են փողոցներում, սոված են, իսկ բաժանված վրանները շատ քչերին է բաժին հասել:

Հետեւելով երկրաշարժի գոտում տեղի ունեցող իրադարձություններին, պարզ է դառնում տխուր իրականություն: Այսպես` Վանի տուժյալ բնակչությանն առաջինը օգնությանը հասան հարեւան շրջանների քուրդ քաղաքապետերը: Վանի նահանգի ազգաբնակչությունը բողոքում է, որ Վանի նահանգապետարանի կայքում որեւէ խոսք չկա տեղի ունեցած երկրաշարժի մասին եւ օգնություն առաջարկել ցանկացողները չեն կարողանում հաշվեհամարների մասին տեղեկություններ իմանալ:  Բացի այդ, Firat գործակալության փոխանցմամբ`  երկրաշարժից տուժվածներին օգնություն բերող մեքենաները կալանվում են  Վանի նահանգապետարանի կողմից, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Վանում: Այս հանգամանքը խիստ անհանգստացրել է օգնություն ուղարկել ցանկացող մի շարք կազմակերպությունների:

Երկրաշարժից 3 օր է անցել, սակայն Վանի նահանգի մի քանի տասնյակ գյուղեր դռեւս ոչ մի օգնություն չեն ստացել: Իրավիճակը բարդացրել է նաեւ եղանակների ցրտումն ու տեղացող ձյունը:

Իրենց ձայնը մամուլի միջոցով փորձել են լսեցնել Դելիչայ, Դյուվեջի, Էքինջիլեր, Էգյուջու, Գյորուշլու, Հասանաբդալ, Յալընդամ, Յըլանլը, Աշաղըըշըքլը. Աշաղըքզլուջա, Աքսաքալ, Աշաղը Չոքեք, Չիմեն, Չաքըրբեյ, Չուբուքլու, Դողանջը, Դոլուջա, Թաշլըչայ, Աքչագեդիք, Թեքլեր, Իշբաշը, Քադիրասքեր, Քարդողան, Քասըմբաղը, Քեքլիքօվա, Քարաթավուք եւ Բուլամաչ գյուղերի գյուղապետերը: Նրանք նշում են, որ իրենց գոյւղերը երկրաշաժից հետո որեւէ օգնություն չեն ստացել եւ խնդրում են գոնե գիշերները մնալու համար վրաններ տրամադրել: Հիշյալ գյուղերի մեծ մասը զրկված են ջրից եւ հոսանքից:

Մեկ այլ խնդիր է նաեւ այն հանգամանքը, որ Վանի նահանգում նշանակված թուրք պաշտոնյաները չեն ցանկանում շփման մեջ մտնել տեղի քուրդ քաղաքապետերի եւ գյուղապետերի հետ, ինչն ավելի է բարդացնում օգնությունը ճիշտ տեղաբաշխելու խնդիրը: Այս մասին հայտնում է նաեւ Hurriyet-ի թղթակից Ահմեդ Քայան` պնդելով, որ թուրքական կազմակերպությունները հրաժարվում են հանդիպել եւ շփման մեջ մտնել  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ, Վանի քաղաքապետ Բեքիր Քայայի հետ:

Milliyet-ի թղթակից Բուրջու Քարաքաշն իր հերթին գրում է, որ Վանում եւ Արճեշում իրավիճակը խիստ մտահոգիչ է: «Տրամադրվող վրանները շատ քիչ են: Չկան զուգարաններ: Մարդիկ իրենց բնական կարիքները հոգում են ցանկացած վայրում: Կա սննդի խիստ կարիք: Օգնության բաժանման հարցում չկա համակարգվածություն: Իմ ձեռքին թուղթ ու գրիչ տեսնելով` մտեցան մի քանի երեխաներ` ասելով. «քույրիկ, եղանակը շատ ցուրտ էր: Գիշերը փողոցում ենք մնացել, սառեցինք, մեզնով հետաքրքրվող չկա»,-գրում է Milliyet-ի թղթակիցը Վանից:

Մեկ այլ թուրք լրագրող` Ջան Դյունդարը գրում է, թե Վանում  ու Արճեշում գլխավոր փողոցներից հեռու գնալով` ականատես ես լինում սարսափելի տեսարանների: «Փլված շենքեր, աջ ու ձախ շարված դիակները թողնված են բախտի քմահաճույքին: Մարդիկ սպասում են օգնության: Այդ փողոցները հիշեցնում են կադրեր սարսափ ֆիլմերից: Մարդիկ արտասվում են, բղավում. «ինչո՞ւ Թուրքիան մերժեց արտասահմանյան օգնությունները, ինչո՞ւ մեզ թողեց այս վիճակում: Որտե՞ղ է պետությունը»,-բացականչում էին Արճեշում»,-նշում է Ջան Դյունդարը:

«Որտե՞ղ է պետությունը»,- իրենց հարազատների չթաղված  դիակների մոտ բղավում են երկրաշարժից փրկվածները:

Անդրանիկ Իսպիրյան