Թերթը գրում է, որ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը, որը համատեղության կարգով նաեւ ԱԺ պատգամավոր է, երեկ ԱԺ ամբիոնից դասեր էր տալիս նրանց, ովքեր քննադատում են բանակում տիրող բարքերը և դրա հետևանք մարդկային կորուստները։ «Բանակը սրբություն է», «Մարդ եղեք». այսպիսի բարոյախրատական կարգախոսներով է համեմել իր խոսքը Ավագյանը:
«Իսկ ի՞նչ գիտի Ավագյանը, թե ինչ բան է բանակը, եթե նույնիսկ մեկ օր չի եղել բանակում եւ մոտավոր պատկերացում անգամ չունի այնտեղ տիրող իրական բարքերի մասին։ Ավագյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա սովորել է բժշկական համալսարանում, հետո՝ ասպիրանտուրայում, ապա պաշտպանել թեկնածուական թեզը եւ այդ խիստ դասական ճանապարհով խուսափել բանակային ծառայությունից։ Մենք, իհարկե, դեմ չենք, որ ՀՀԿ–ականները բանակը հայտարարեն սրբություն, բայց գոնե դա պետք է անեն մարդիկ, ովքեր «սրբության» հրեշտակների հետ շփվել են նորակոչիկ զինվորի, այլ՝ ոչ ՀՀԿ–ական պատգամավորի կարգավիճակում»,- գրում է «Հրապարակ»-ը:




























