Թուրքիայում խիստ անհանգստություն է առաջացրել Reuters-ի հրապարակումը Վանի երկրաշարժի հետ կապված, որի մեջ անդրադարձ է կատարվել 1915-ին կոտորածներին։
Թուրքական Milliyet-ի թղթակից Ալի Էյուբօղլուն ներկայացրել է Reuters-ի հրապարակման թուրքերեն տարբերակը։
«Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Վանում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ մահացել է 260 հոգի, վնասվածքներ ստացել՝1300-ը։ Երկրաշարժը հարվածել է Վանին եւ Վանից 100կմ հեռավորության վրա գտնվող եւ PKK-ի զինյալներին ապաստան տվող Արճեշ քաղաքին։ Հոկտեմբերի 19-ին PKK-ի հարձակման ժամանակ Վանի հարավում գտնվող Հաքքարի նահանգում 24 թուրք զինվորական սպանվեց։
Վանը գտնվում է Իրանի սահմանի եւ Վանա լճի միջեւ՝ Թուրքիայի հարավ-արեւելքում։ Տարածաշրջանի բնակչությունը մոտ 1 մլն է։ Բնակչության գերակշիռ մասը քրդեր են։ Տարածաշրջանում ապրած շատ հայեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոտորածի եւ տեղահանության ենթարկվեցին։
Տարածաշրջանում հաճախակի երկրաշարժեր են տեղի ունենում։ 1976-ի երկրաշարժին զոհ գնաց 5 հազար 291 հոգի»,-ներկայացնում է Milliyet-ի թղթակիցը՝ հարցնելով, թե ինչո՞ւ են Reuters-ի խմբագիրները ոչ քաղաքական իրադարձության տակ գրում քաղաքական մեկնաբանություն։
Թուրք լրագրողը պնդում է, թե Reuters-ն այնպես է լուրը հայտնել, կարծես Երեւանի լրատվական գործակալությունը լիներ։ «Այս հրապարակումը թշնամություն է թուրքերի դեմ։ Եւ այն Թուրքիայից եկած արձագանքներից հետո է վերախմբագրվել»,-գրել է Milliyet-ը։




























