Երկրաշարժը կարող է փոխել հայ-թուրքական հարաբերություների դինամիկան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, տեղեկացնելով, որ առաջիկայում Ստամբուլում հայ-թուրքական կոնֆերանս է տեղի ունենալու:
«Պարզ է, որ բոլորն այսօր սպասում են Թուրքիային: Բոլորի սպասումները Թուրքիայից են, ոչ` Հայաստանից: Հայաստանն արել է հնարավորը, դեռ մի բան էլ ավելին: Հետաքրքիր է կոնֆերանսի ժամկետը՝ Վանի երկրաշարժից, Սուրբ Կիրակոսի բացումից հետո»,- նշեց փորձագետը:
Անդրադառնալով Վանի նահանգում ավերիչ երկրաշարժից հետո Սերժ Սարգսյանի կողմից օգնության առաջարկին, Ռ. Կիրակոսյանն ասաց. «Նախագահը զրույց ունեցավ Գյուլի հետ եւ իր ցավակցությունը հայտնեց: Հայաստանը շատ արագ առաջարկեց իր մարդասիրական օգնությունը: Սա նաեւ ցուցադրում է, որ Հայաստանը պատրաստ է եւ կարող է գործընթացում որոշիչ կողմ լինել»:
Նրա խոսքով, Հայաստանը քիչ բան կարող է անել երկկողմ հարաբերություններում, իսկ ահա թուրքական արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում նշանավորվում է իր մարտահրավերներով եւ կորուստներով:




























