Երկու տարի հետո միջազգային հանրությունը կտեսնի, թե որքանով էր անկողմնակալ Ադրբեջանը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ: Այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի`ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելը:
«Ադրբեջանին հաջողվեց ստանալ պետությունների մեծամասնության աջակցությունը, բայց չեմ կարծում, թե դա նրան հնարավորություն կտա որեւէ որոշում կամ բանաձեւ ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Չպետք է մոռանալ, որ ԱԽ մշտական անդամներից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են: Նույնիսկ Եվրամիությունը, որ վերջերս Ղարաբաղի հարցի առնչությամբ ակտիվություն է դրսեւորում, ելնելով Հարավային Կովկասում ունեցած շահերից, ընդունում է ԵԱՀԿ ՄԽ առաջնայնությունն այդ հարցում: Սրանից ելնելով` կարելի է եզրակացնել, թե իրականում ինչ նշանակություն ունեն Ղարաբաղի մասին ավելի վաղ ՄԱԿ-ի ընդունած Ադրբեջանի 4 բանաձեւերը»,- ասել է Զաքարյանը:
Ըստ նրա` Ադրբեջանի անդամակցությունը ոչ թե ռազմավարական, այլ ընդամենը դիվանագիտական հաղթանակ էր:



























