Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 27-ին, տեղի ժամանակով 11։04-ին, 18,3 կմ խորության վրա։ Տեղի իշխանությունները զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չունեն։

Նշենք, որ Հաքքարի նահանգը գտնվում է Վան նահանգի հարեւանությամբ։

Հիշեցնենք, որ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 3 օրվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 600-ից ավել ցնցում։