Վրաստանն ապացուցել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հավատարիմ եւ վստահելի գործընկերն է, հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, ով Վրաստան է ժամանել հոկտեմբերի 27-ի գիշերը եւ բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կունենա, ինչպես նաեւ կմասնակցի Վրաստանի պաշտպանության հարցերին վերաբերող կոնֆերանսին, որը տեղի է ունենում Թբիլիսիի Radisson SAS Iveri հյուրանոցում:
«Այս կոնֆերանսը շատ կարեւոր է, ելնելով նրանից, որ մենք պետք է մի քանի հարց ուսումնասիրենք: Առաջին հերթին` Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որը կանցկացվի Թբիլիսիում, եւ Ռասմուսենի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) այցը ձեր երկիր », - հայտարարել է Ափաթուրայը, որի մեկնաբանությունները հեռարձակել է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը եւ Անդրես Ֆոգ Ռասմուսենի այցը նախատեսված են նոյեմբերի 9-10-ին:
Գնահատելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի սպասվելիք այցը եւ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը` Ափաթուրայը նշեց, որ դաշինքը հավատարիմ է Բուխարեստյան գագաթնաժողովի որոշմանը»: 2008թ. ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարվել էր, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան դաշինքի անդամներ, հայտնում է Նովոստի Գրուզիան:




























