Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտնել է, թե թուրքական զինուժը ավարտել է հարավ-արեւելյան նահանգներում սկսված «Քազանի դաշտավայրի» գործողությունն ուղղված PKK-ի դեմ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե չնայած այս մի գործողությունն ավարտվել է, սակայն PKK-ի դեմ պայքարը շարունակվելու է։ Ըստ նախարարի՝ 2012-ի 2-րդ կեսից PKK-ի դեմ պայքարում կսկվի օգտագործվել թուրքական արտադրության ANKA անօդաչու հետախուզական օդանավերը։

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին PKK-ի կողմից Հաքքարի նահանգում իրականացված հարձակման հետեւանքով սպանվել է 24 թուրք զինվորական։ Այս հարձակումից հետո թուրքական զինուժը Իրաքի սահմանակից Քազանի դաշտում սկսեց  ռազմական գործողություններ քուրդ զինյալների դեմ։